Մանիպուլյացիա․ թուրք գործակալները տեսանկարահանում են Հյուսիսային պողոտան

Վճիռ՝ մանիպուլյացիա

«Այլընտրանք» ՀԿ-ի նախագահ, Հայաստան դաշինքի համակիր Նարեկ Մանթաշյանը մայիսի 26-ին հրապարակել էր լուսանկար՝ Երևանի Հյուսիսային պողոտայում շրջող երկու տղամարդկանց մասնակցությամբ։ Լուսանկարին կից՝ Մանթաշյանը գրել էր, որ Հյուսիսային պողոտայում պատահական հանդիպել է երկու՝ ակնհայտ թուրքական արտաքինով մարդկանց, ովքեր մանրամասն տեսանկարահանում էին իրենց շրջապատը։ Մանթաշյանը կոչ էր անում ԱԱԾ-ին ուշադիր լինել, քանի որ քաղաքը «վխտում է» թուրքադրբեջանական գործակալներով։ Այս պնդումները փաստազուրկ էին և մանիպուլյատիվ, քանի որ Հյուսիսային պողոտան Երևանի ամենահայտնի վայրերից է, որի բազմաթիվ տեսանկարահանումներ արդեն իսկ ներբեռնված են համացանց և հասանելի բոլորին։ Բացի դրանից՝ Նարեկ Մանթաշյանը որևէ փաստ չէր ներկայացրել, որը կապացուցեր իր մեղադրանքները կամ լուսանկարում երևացող անձանց ազգային պատկանելությունը։

Համատեքստը

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ էին խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում շրջում են օտարերկրյա՝ հիմնականում թուրք և ադրբեջանցի գործակալներ ու նկարահանում տարածքը։ Այդ մասին եղան տարբեր ահազանգեր, Հայաստանում հայտնի երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում ևս պատերազմի օրերին գրել էր, թե պետք է զգույշ լինել, քանի որ 5 ադրբեջանցիներ արդեն հասել են Երևան։ Այս լուրերից որևէ մեկն այդպես էլ չհաստատվեց, ավելին՝ ԱԱԾ-ն տարբեր անգամներ ստիպված էր հերքելու դրանք։

Պատերազմից ավելի քան կես տարի անց՝ Հայաստանի տարածքում գործակալների փնտրտուքը չի դադարում։ Իշխանությունը՝ ի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գործակալներ է փնտրում ընդդիմության մեջ, ընդդիմությունն էլ, իր հերթին, մեղադրում իշխանությանը՝ օտարերկրյա գործակալական ցանցերին սպասարկելու համար։

Մանթաշյանի գրառումը փաստազուրկ է

Նարեկ Մանթաշյանի գրառումը պետք է դիտարկել Հայաստանում տիրող իրավիճակի համատեքստում։ Նա փողոցում լուսանկարել է երկու տղամարդու և արտաքինից դատելով ենթադրել, որ վերջիններս թուրք գործակալներ են՝ չբերելով որևէ փաստ, որը կհաստատեր այդ մեղադրանքները։

Նկարում երևացող անձանց նույնականացումը բաց տվյալների միջոցով հնարավոր չեղավ։ Սակայն պետք է նշել, որ Հյուսիսային պողոտան Երևանի ամենակենտրոնական հատվածներից է, այս վայրից կան բազմաթիվ լուսանկարներ, արբանյակային պատկերներ։

Պողոտայի նկարները կարելի է գտնել Google Earth-ում

Դրանք հեշտությամբ կարելի է գտնելGoogle Maps -ում

Ինչպես նաև Yandex Map-ում և այլուր

Ակնհայտ է, որ Նարեկ Մանթաշյանի մտահոգությունը, որ թուրք գործակալները մանրամասն տեսանկարահանում են Հյուսիսային պողոտան, արդարացված չէ, քանի որ չկա որևէ տրամաբանություն Երևանի այս հատվածում լրտեսույթուն իրականացնելու և տարածքները տեսանկարահանելու մեջ, քանի որ բաց աղբյուրներում վաղուց արդեն հրապարակված են Հյուսիսային պողոտայի և հարակից տարածքների արբանյակային 3D պատկերները և փողոցի նկարները։

--------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: